Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր ամբողջական թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Քիչ երկեր կան, որոնք իրենց նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համեմատելի լինել գրական այս անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ, այն շարունակում է մեզ գերել ու հիացնել նաև այսօր: